ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հեղինակ՝ Լիաննա Հակոբյան
ՍԳՍ,Միջազգային Լրագրություն
5-րդ կուրս, հեռակա
Բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությունը աշխարհի բոլոր երկրների կարևոր և արդի խնդիրներից մեկն է: Յուրաքանչյուր երկիր իր ուրույն մոտեցումներով է փորձում նպաստել բարձրագույն կրթության ոլորտում ավելի շատ օտարերկրյա ուանողներ ներգրավելու գործընթացին:
Գործընթացը նպատում է
ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի շարժունությանը, դարձնում է կրթական համակարգն առավել հասանելի և ներառական, ինչպես նաև դարձնում է Եվրոպայում բարձրագույն կրթությունը ավելի գրավիչ աշխարհի համար։
Ամեն տարի արտերկրից Հայաստան են ժամանում հարյուրավոր օտարերկյա քաղաքացիներ, ինչպես նաև սփյուռքահայեր բարձրագույն կրթություն ստանալու նպատակով:
Ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության (ԿԳՄՍ) պաշտոնական տվյալների՝ 2019-2020թթ-ին արտերկրից 2976 ուսանող է ժամանել Հայաստան բարձրագույն կրթություն ստանալու նպատակով:
Ինչպես ցույց են տալիս գրաֆիկները, սփյուռքահայերի զգալի մասը ՀՀ է ժամանում Ռուսաստանից, Վրաստանից, Սիրիայից, իսկ օտարերկրացի ուսանողները՝ հիմնականում Հնդկաստանից, Իրանից, Հորդանանից, որոնցում առաջատարը Հնդկաստանն է։ Թերևս դեռ փոքր է առաջատար բարձրագույն կրթություն ունեցող զարգացած երկրներից ժամանող օտարերկրյա ուսանողների թիվը։
ՀՀ բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների թիվը
Գրաֆիկներից պարզ է դառնում, որ համեմատելով 2017-2018թթ-ի հետ, վերջին 2 տարվա ընթացքում կտրուկ աճել է օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների թվաքանակը: Ըստ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած տվյալների՝ օտարերկրյա ուսանողները հիմնականում նախապատվությունը տալիս են պետական և միջպետական համաձայնագրերով կամ կառավարության մասնակցությամբ հիմնադրված բուհերին:
ՀՀ պետական և միջպետական համաձայնագրերով կամ կառավարության մասնակցությամբ հիմնադրված բուհերում սովորող օտարերկրացիների թվաքանակը:
ՀՀ պետական և միջպետական համաձայնագրերով կամ կառավարության մասնակցությամբ հիմնադրված բուհերում սովորող սփյուռքահայերի թվաքանակը:
ՀՀ պետական և միջպետական համաձայնագրերով կամ կառավարության մասնակցությամբ հիմնադրված բուհերում սովորող օտարերկրացիների թվաքանակը:
Արտերկրից ժամանած ուսանողների մեծամասնությունը 2019-2020 ուսումնական տարվա ընթացքում նախապատվությունը տվել է ներքոնշյալ բուհերին:
Ինչո՞ւ են օտարերկրյա ուսանողներն ընտրում ՀՀ բուհեր
Կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեցտարի ավելանում են օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդները: Շատ հաճախ թվաքանակի աճը բացատրվում է համալսարանների վարկանիշի բարձրացմամբ, առաջարկվող կրթական ծրագրերով, վերջիններիս որակով և վարձավճարի մատչելիությամբ:
Շիմալա Լարիեֆը, որը սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ), ասում է, որ բուհի մասին պատահաբար է իմացել:
‹‹ 2010 թվականին մի գովազդային թռուցիկ տեսա, որտեղ պատմվում էր համալսարանի մասին: Այդ ժամանակ վախեցա Շրի Լանկայից միայնակ գալ Հայաստան: 2 տարի անց իմացա, որ ընկերուհիս որոշել է մեկնել Հայաստան և միասին եկանք ››:
Նաիրի Կուլակեզյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանողուհի է: 2005թ-ին Հորդանանից ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: Գլխավոր պատճառներից մեկն էլ եղել է այն, որ Հորդանանում ուսումն ավելի թանկ է և բացի այդ, համալսարաններում քիչ են դիզայն մասնագիտության կրթական ծրագրերը:
‹‹Երբ առաջին անգամ եկա Հայաստան, հաղորդակցվում էի անգլերեն: Բայց մինչև գալը օգտագործել էի համացանցը և մի քանի առօրյա խոսակցական բառ սովորել: Օրինակ՝ ‹‹Բարև Ձեզ››, ‹‹Բարի գիշեր››, ‹‹Բարի առավոտ››, ‹‹արի››, ‹‹գնա›› և այլն››:
Սանոբար Շարիֆ,ԵՊԲՀ-ի ուսանողուհի
Ի՞նչ խնդիրների են բախվում օտարերկրյա ուսանողները
Փոխելով իրենց միջավայրը ուսանողները շատ հաճախ մի շարք խնդիրների են բախվում:
Մշակութային ինտեգրումը
Հաճախ օտար երկիր տեղափոխվելիս ուսանողների մոտ առաջանում է մշակութային շոկ:
Անհատը նման իրավիճակում հայտնվում է այն ժամանակ, երբ փոխում է իր բնակավայրը և տեղափոխվում է մի անծանոթ միջավայր, որտեղ խոսում են օտար լեզվով, որտեղ տարբեր են կրոնը, սովորույթներն ու ավանդույթները:
Լեզվական խոչընդոտը
«Լեզվի մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:
Միևնույն ժամանակ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության մասին» գործող օրենքում նշվում է, որ նրանց ուսուցումը կարող է կազմակերպվել գրական հայերեն կամ օտար լեզուներով:
Այսօր ոչ բոլոր հաստատություններն են առաջարկում օտարալեզու կրթական ծրագրեր կամ առանձին դասընթացներ, ինչը էական խնդիր է առաջացնում օտարերկրյա ուսանողների համար։ Սակայն հաճախ բուհերը կազմակերպում են լեզվի նախապատրաստական դասընթացներ։
Ուսումնասիրված համալսարաններից ԵՊԲՀ-ում օտարերկրյա ուսանողների ուսումնառությունը կազմակերպվում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: ՃՇՀԱՀ-ն օտարերկրյա ուսանողների համար կազմակերպում է ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն դասընթացներ խմբերի առկայության դեպքում: Իսկ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ) շատ կրթական ծրագրերի դասավանդումն օտար լեզուներով է, բայց այժմ մշակվում են օտարալեզու կրթական ծրագրեր օտարերկրացիների ուսուցումն ավելի հեշտացնելու նպատակով:
Կեցության խնդիրը
Հայաստան ժամանելուց հետո ուսանողները նաև բախվում են կեցության խնդրին: Շատերն օգտվում են ուսանողական հանրակացարաններից, ոմանք էլ բնակարան են վարձում: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» գործող ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատության սովորողն իրավունք ունի հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով ստանալու հանրակացարանում համապատասխան տեղ:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում գործող 45 պետական և միջպետական համաձայնագրերով կամ կառավարության մասնակցությամբ հիմնադրված բուհերից կացարան ունի 6-ը, ինչպես նաև գործում է Զեյթունի հանրակացարանը, որում կան որոշ բուհերի համար առանձնացված սենյակներ։ Մեր կողմից ուսումնասիրված բուհերից ԵՊԲՀ-ն, ԲՊՀ-ն ու ՀԱՀ-ն ունեն հանրակացարաններ։ Ուսումնասիրված համալսարաններից կացարան չունի ՃՇՀԱՀ-ը:
Նաիրի Կուլակեզյան, ՃՇՀԱՀ-ի ուսանողուհի
Սանոբար Շարիֆ, ԵՊԲՀ-ի ուսանողուհի
Շիմալա Լարիեֆ, ԵՊԲՀ-ի ուսանողուհի
Խոսելով հանրակացարանի մասին՝ Շիմալան նշում է, որ ամենամեծ թերությունն այն էր, որ անհրաժեշտություն էր լինում սպասել լոգանք ընդունելու և խոհանոցից օգտվելու համար:
‹‹Ինձ տարօրինակ էին նայում փողոցում և համալսարանում, քանի որ հիջաբ եմ կրում: Սկզբում այդ ամենն ինձ մի փոքր ճնշում էր: Հետո ժամանակի ընթացքում, երբ Հայաստանում ավելացան մուսուլմանները, մարդիկ արդեն սովոր էին ու էլ տարօրինակ չէին նայում››,- նշում է Շիմալան:
Սանոբարը հանրակացարանի մասին:
Օտարերկրյա ուսանողները ՀՀ բուհերում սովորելու խնդիրների մասին
Բուհերի ներկայացուցիչները ուսանողների խնդիրների մասին
Մարգարիտա Դադյան (ՀԱՀ)
Օտարերկրյա ուսանողների հետ աշխատող խորհրդատու
Մարգարիտա Դադյանը, որը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) օգնում է օտարերկրյա ուսանողներին հարթել ուսումնական գործընթացի ընթացքում ծագած դժվարությունները, պատմում է, թե ինչ հիմնական խնդիրների են բախվում նրանք և ինչպես է կատարվում նրանց մշակութային ինտեգրումը:
Անդրադառնալով օտարերկրյա ուսանողների դժվարություններին` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Լուսինե Մադոյանը որպես առաջնային խնդիր առանձնացնում է լեզվական խոչընդոտը:
‹‹Ուսանողներից շատերը, լինելով սիրիահայ կամ պարսկահայ, խոսում են արևմտահայերեն, և արևելահեյերենը դժվարընկալելի է։ Իսկ ԱՊՀ-ից ժամանած ուսանողները, որոնք տիրապետում են ռուսերենին, շատ հաճախ հայերեն չեն խոսում։ Թեև բուհում դասավանդվում են տարբեր օտար լեզուներ, և դասավանդումն իրականացվում է հիմնականում մասնագիտության կրթական ծրագրի մասնագիտացման լեզվով, սակայն ամբողջությամբ ռուսերեն կամ անգլերեն դասավանդվող կրթական ծրագրեր օտարերկրյա ուսանողների համար բացակայում են››:
Ի՞նչ քայլեր են ձեռնարկում ՀՀ բուհերը օտարերկրյա ուսանողներին ներգրավելու և նրանց աջակցելու համար
Մարգարիտա Դադյան (ՀԱՀ)
Օտարերկրյա ուսանողների հետ աշխատող խորհրդատու
‹‹ Օտարերկրյա ուսանողների քանակն ավելացնելու նպատակով բուհը հիմնական հետաքրքրություն առաջացնող մասնագիտությունների գծով մշակում է օտարալեզու կրթական ծրագրերի փաթեթ, մշակվում է օտարերկրյա ուսանողների ներգրավման և ինտեգրման գործողությունների պլան։ Բուհի տեսանելիությունը բարձրացնելու նպատակով բազմաթիվ քայլեր են ձեռնարկվում, օրինակ արտաքին տեսանելիությունը բարձրացնելու նպատակով մշակվել է «ԵՊԼՀ դեսպան» ծրագիրը, որը ենթադրում է շարժունությանը մասնակից ուսանողների կողմից օտարերկրյա բուհում ԲՊՀ-ի ներկայացում, մասնակցություն ցուցահանդեսներին և տոնավաճառներին ››,- նշում է ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Լուսինե Մադոյանը:
Չնայած նրան, որ բուհերը մի շարք քայլեր են ձեռնարկում օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների ուսումնառությունն ավելի հեշտ դարձնելու ուղղությամբ, այնուամենայնիվ, ոլորտում դեռևս առկա են բացեր։ Այսօր էլ ՀՀ բուհերի առջև դրված են արտասահմանցի և սփյուռքահայ ուսանողներ ներգրավելու և նրանց համար մատուցվող ծառայությունները բարելավելու մի շարք խնդիրներ։ Օտարերկրյա ուսանողների մուտքը ՀՀ բուհեր առավել մատչելի դարձնելու ուղղությամբ իրականացվող բարեփոխումները պետք է կրեն շարունակական բնույթ՝ թիրախավորելով և գրավելով նաև առավել զարգացած երկրների երիտասարդներին։ Օտարալեզու կրթական ծրագրերի մշակումը կնպաստի օտարերկրյա ուսանողների աճին՝ միջազգային և ազգային մակարդակներում ապահովելով բուհի մրցունակությունը։ Կարևոր է նաև հստակ միջոցառումներ ձեռնարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա ուսանողների համար համապատասխան միջավայր ստեղծելու ուղղությամբ՝ նպաստելով նրանց ներգրավածությանը համալսարական առօրյա։